Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումանի գլխավորած պատվիրակությանը
ՔաղաքականՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումանի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը կարևորել է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանն առաջին անգամ Երևանում անցկացնելու փաստը և հույս հայտնել, որ նիստի շրջանակում տեղի կունենան արդյունավետ քննարկումներ և ակտիվ երկխոսություն:
Պիա Կաումանը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ ԽՎ նիստը բարձր մակարդակով կազմակերպելու և հյուրընկալելու համար՝ հավելելով, որ քննարկվելու են Հարավային Կովկասում և միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացները:
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին: Կարևորվել է միջազգային հանրության օժանդակությունը` առկա խնդիրների լուծման գործում:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Շեշտվել է 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի` Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումների արդյունքներով համաձայնեցված սկզբունքների հիման վրա խաղաղության գործընթացը շարունակելու կարևորությունը:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության և կայունության, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: