Ծանոթ չեմ Ադրբեջանի՝ «Արևմտյան Ադրբեջան» եզրույթին. Պեսկով
Արտաքին ՔաղաքականՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Բաքվի կողմից առաջ մղվող «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգի վերաբերյալ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ցավոք, ոչինչ չեմ կարող ասել, քանի որ պետական մակարդակով ծանոթ չեմ Ադրբեջանի նման հայտարարություններին, մենք լսել ենք բոլորովին այլ հայտարարություններ երկրի ղեկավարությունից, Ադրբեջանի ղեկավարությունից, որոնք խոսում են մեկ փուլի ավարտի և անհրաժեշտության մասին, պատրաստ են խաղաղության պայմանագրի կնքմանը»,- լրագրողներին ասել է Պեսկովը։ «Հետևաբար, պարոն Փաշինյանի հայտարարության այս հատվածի մասին կոնկրետ որևէ բան չեմ կարող ասել»,- հավելել է Պեսկովը։
Ավելի վաղ, ըստ պարբերականի, Նիկոլ Փաշինյանը ասել է, որ Ադրբեջանի որոշ քայլերից տպավորություն է ստեղծվում, որ նա պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ռազմական գործողությունների։ Ըստ Հայաստանի վարչապետի՝ Ադրբեջանում պաշտոնական մակարդակով Հայաստանի Հանրապետությունը սկսել է կոչվել «Արևմտյան Ադրբեջան»։