ԱՆ նախարարը Ճապոնիայի դեսպանի հետ ամփոփել է երկկողմ գործակցությունը
ՀասարակությունԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին` նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
«Ճապոնիայի համար Հայաստանը շատ կարևոր գործընկեր է` ուղղված երկկողմ հարաբերությունների առավել խորացմանը, զարգացած տնտեսություն ունենալուն և առողջապահական ոլորտի բարելավմանը` հիմնված օրենքի գերակայության վրա»,-նշել է դեսպանը:
«Գնահատելի է Ձեր անձնական ներդրումը հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և առողջապահական տարբեր ծրագրերի իրականացման հարցում»,-նշել է նախարարը:
Երկկողմ գործակցության վերջին ձեռքբերումներից են`
Նորագույն, ճշգրիտ ախտորոշման բժշկական սարքավորումների նվիրաբերում` Երևանի և մարզերի առողջապահական հաստատություններին
վերջին սերնդի սարքավորումներով համալրված շտապօգնության 39 մեքենաների նվիրաբերում
պաթոհիստոլոգիայի գերժամանակակից լաբորատորիայի բացում` Վանաձորի բժշկական կենտրոնում:
Առաջիկա ծրագրերը նպատակաուղղված կլինեն բժշկական կենտրոնների վերազինմանը և ԼՂ բնակչության բռնի տեղահանման հետևանքով առկա մարտահրավերների հաղթահարմանը: