Առատ ձյան‚ սաստիկ բքի ու ցածր տեսանելիության պատճառով արտակարգ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
ՀասարակությունՀարգելի քաղաքացիներ‚ վերջին օրերին տեղացած առատ ձյան‚ սաստիկ բքի ու ցածր տեսանելիության պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել հանրապետության մի շարք ավտոճանապարհներին։
Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13։30-ի դրությամբ, սաստիկ բքի և թույլ տեսանելիության պատճառով Մեղրիի և Սպիտակի լեռնանցքները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կոչ ենք անում խուսափել նշված ուղղություններով երթևեկելուց։
Թալինի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի, Սպիտակի, Տաշիրի, Վանաձորի, Աբովյանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Վայքի, Սիսիանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով շուրջօրյա գործող 010 562533 հեռախոսահամարով։
Խնդրում ենք ճանապարհ դուրս գալուց առաջ նախապես ճշտել տվյալ ուղղությամբ ճանապարհների անցանելիությունը, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։