Ադրբեջանի վերջին հարձակման հետևանքով ԼՂ-ում զոհվել է 223 անձ, որոնցից 5-ն՝ անչափահաս. Քյարամյան
ՔաղաքականԼեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին հարձակման հետևանքով զոհվել է 223 անձ, որոնցից 5-ն անչափահաս են, վիրավորների թիվը 244 է:
«Լուրեր»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:
Քյարամյանը տեղեկացրել է, որ Քննչական կոմիտեն նախաձեռնել է վարույթ՝ էթնիկ զտման վերաբերյալ, և արցախահայության բռնի տեղահանման հանգամանքները քննվում են բացառապես այդ շրջանակներում:
«2023 թվականին սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում զոհվել է 223 մարդ, որոնցից 25-ը քաղաքացիական անձինք են: Զոհերի թվում կան 5 անչափահասներ»,-ասել է Քննչական կոմիտեի նախագահը:
Ադրբեջանի վերջին հարձակման հետևանքով վիրավորների թիվը 244 է, որոնցից 76-ը քաղաքացիական անձինք են, այդ թվում՝ 10-ն անչափահասներ: Անհետ կորածների թիվը 20 է, որոնցից 5-ը քաղաքացիական անձինք են:
Քյարամյանը նաև նշեց, որ արձանագրվել են շուրջ 2 տասնյակ անարգանքի դեպքեր դիակի նկատմամբ:
ԼՂ-ից բռնի տեղահանության ընթացքում ճանապարհին ևս մարդիկ են մահացել, արձանագրվել են մահվան դեպքեր նաև տեղ հասնելուց կարճ ժամանակ անց: «Սա հիմնականում պայմանավորված է այն մեծ հոգեբանական ազդեցությամբ, որին ենթարկվել են մեր հայրենակիցները: Այդ ընթացքում շուրջ 7 տասնյակ քաղաքացիական անձանց շրջանում մահվան դեպքեր են արձանագրվել»,-ասել է Քյարամյանը:
Այս ամենը քննության առարկա է դառնում էթնիկ զտման վերաբերյալ հարուցված քրեական գործով: