Լիբանանի վարչապետը այցելել է Արամ Ա Հայրապետին․ խոսել են լիբանանահայության առաջ ծառացած խնդիրներից
ՔաղաքականԼիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթին այցելել է Արամ Ա․ Վեհափառ Հայրապետին։ Հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանից․
«Այս առաւօտ՝ Ուրբաթ, 5 Յունուար 2024-ին, Լիբանանի վարչապետ Նաժիպ Միքաթի այցելեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին եւ շուրջ մէկ ժամ հանդիպում ունեցաւ Նորին Սրբութեան հետ: Բնականաբար, հանդիպման ընթացքին արծարծուեցան Լիբանանի հետ անմիջական կապ ունեցող հարցեր եւ յատկապէս Կազայի պատերազմին հետեւանքները ու Լիբանանի նախագահական ընտրութիւնը:
Վարչապետ Միքաթի կարեւորութեամբ շեշտեց Լիբանանի հայութեան դրական դերակատարութիւնը երկիրը դիմագրաւող տագնապներու ու մարտահրաւէրներու լուծման գծով, եւ իր պատրաստակամութիւնը յայտնեց որեւէ ծրագրի պարագային օգտակար ըլլալու Լիբանանի հայութեան»,- ասվում է հաղորդագրության մեջ։