Պիոլի. Միլանը Եվրոպայի լիգան հաղթելու վեցերորդ ֆավորիտն է՝ ընդամենը 5% շանսով
Սպորտ«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում «Ռենի» նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակը (3:0), ինչպես նաև գնահատել է «ռոսոներիների»՝ մրցաշարը հաղթելու հնարավորությունները։
«Մենք ցանկանում էինք առավելություն ստանալ պատասխան խաղում և ստացանք այն, բայց գիտենք, որ ամեն ինչ այդքանով չի ավարտվի։ Ես խաղացողներին տալիս եմ լիակատար ազատություն, տալիս եմ երկու, երեք կոնցեպտ, հետո նրանք խաղադաշտում, հատկապես տաղանդավորները, պետք է զգան ու խաղան՝ գիտակցելով ու ձգտելով հասնել նպատակին։
Թիմը դուրս կգա՞ եզրափակիչ: Մենք «Միլանն» ենք, մենք հավակնություններ ունենք, բայց մենք վեցերորդ ֆավորիտն ենք՝ հաղթելու միայն 5% հավանականությամբ, շատերը մեզնից առաջ են: Մենք մտածում ենք միայն պատասխան խաղի մասին, իսկ հետո՝ խաղ առ խաղ, անցնելով բոլոր փուլերը, կգնանք առաջ ու կձգտենք հասնել եզրափակիչ»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում Milan News-ը։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 22-ին՝ Ֆրանսիայի Ռեն քաղաքի «Ռոազոն Պարկ» մարզադաշտում: Խաղը մեկնարկը Երևանի ժամանակով 21:45-ին: