Լենա Նանուշյանը հանդիպել է Իրանի սննդամթերքի և դեղերի վարչության պետ Հայդեր Մոհամմադիի հետ
ՔաղաքականՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են.
«Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստի շրջանակներում առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել է Իրանի սննդամթերքի և դեղերի վարչության պետ Հայդեր Մոհամմադիին:
Նրանք քննարկել են առողջապահության ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:
Մասնավորապես, Լենա Նանուշյանն անդրադարձել է դեղերի շրջանառության, բժշկական տուրիզմի զարգացման ուղղությամբ համագործակցությանը և համատեղ գործողությունների ծրագրի ընթացքին:
Նանուշյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է ավելի մանրամասն ներկայացնելու դեղերի գրանցման գործընթացը, ինչը կնպաստի դեղագործական արտադրանքի և բժշկական սարքավորումների արտահանմանը Եվրասիական տարածաշրջան, ինչպես նաև` Հայաստանում դեղագործության և բժշկական սարքավորումների մասնագիտացված ցուցահանդեսների անցկացմանը:
Նշվել է, որ համատեղ աշխատանքային խմբի ձևավորման միջոցով կապահովվի գործողությունների ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հարթակները»։