Ամրապնդվում է ՀՀ իրավապահ համակարգի և ԵՄ անդամ պետությունների միջև համագործակցությունը
ՔաղաքականՓետրվարի 14-15-ը Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաքում տեղակայված Եվրոպոլի կենտրոնակայանում էր ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության պատվիրակությունը՝ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:
«Պատվիրակության կազմում էին ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ հետախուզման, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռաֆայել Պողոսյանը, կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Մկրտչյանը և մարզային վարչությունների ծառայողներ:
Այցի հիմնական նպատակն էր կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում խորացնել համագործակցությունը Եվրոպոլի և ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության միջև:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք թեմաներ, մասնավորապես՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, կիբեռհանցավորություն, սեփականության դեմ ուղղված հանցագործություններ, ԵՄ անդամ չհանդիսացող երկրների և Եվրոպոլի միջև հնարավոր համագործակցության ուղիներ:
ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը կարևորեց ՀՀ իրավապահ համակարգի և ԵՄ անդամ պետությունների միջև համագործակցության ամրապնդումը, ներկայացրեց ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանթյան սպասվելիք բարեփոխումները և ապագայի տեսլականը՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հարցում՝ բարձր գնահատելով եվրոպական գործընկերների պատրաստակամությունը և շարունակական աջակցությունը ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը:
Այցի ընթացքում հանդիպում եղավ նաև Ֆրանսիայի իրավապահ մարմինների հետ. քննարկվեցին կազմակերպված հանցավոր խմբերի դեմ պայքարում երկու երկրների քրեական ոստիկանության ծառայողների հնարավոր համագործակցության ուղիները»,- տեղեկացնում է Ոստիկանությունը: