Մեր արտաքին քաղաքական վեկտորի նպատակը պետք է լինի մեր երկրի շահը․ Փաշինյան
ՔաղաքականՀայաստանի արտաքին քաղաքականության նպատակը պետության անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է:
Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝պատասխանելով արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության հնարավորությանը վերաբերող հարցին։
«Մեր արտաքին քաղաքական վեկտորի նպատակը պետք է լինի մեր երկրի շահը: Հիմա մենք մեր երկրի շահերի հետևից ե՞նք գնում արտաքին քաղաքականության մեջ, թե՞ չէ։ Եվ այդ առումով վեկտորի փոփոխության խոսույթը ինձ համար այդքան էլ ընդունելի չէ։
Մեր արտաքին քաղաքականության նպատակը մեր անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է: Այս առումով մեր արտաքին բոլոր կապերի մեջ սա է մեր վեկտորը»,- նշեց Փաշինյանը։
Եվրամիության և արևմտյան գործընկերների հետ հարաբերություններում վարչապետը կարևորում է ոչ միայն նյութական, այլև արժեբանական հարաբերությունները:
Նրա խոսքով՝ Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները զարգանում են նախ և առաջ ժողովրդավարության պատճառով:
«Նախ Եվրամիությունը մեզ աջակցում է ժողովրդավարական բարեփոխումներով, և հետո մենք էլ այստեղ ավելի լավ կսովորենք, թե ժողովրդավարությունը ինչ է, և սրա մասին խոսելն ամոթ չէ»,- ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններն առաջին հերթին արժեբանական են։