Ալիևը Հայաստանից մաս-մաս տարածքներ է պոկում, իսկ Փաշինյանը շանտաժի է ենթարկում մեր ժողովրդին․ Արթուր Խաչատրյան
Քաղաքական«Փաշինյանը չի ընդունի իր բոլոր սխալներն ու պատասխանատվությունը, չի ընդունի, որ բանակցությունները ձախողվել են, այդ պատճառով էլ բանակցությունների իմիտացիա է ստեղծում։
Նա ուղղակի փորձում է ցույց տալ, որ իր խաղաղության օրակարգը կենսունակ է, որ ինքը դեռ բանակցում է, բայց իրականում, այս պայմաններում, եթե չփոխվի բանակցային և ընդհանրապես պետական քաղաքականությունը՝ որևէ լավ բանի չենք հասնի»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրուցելիս նման դիրքորոշում է արտահայտել ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ մեկնաբանելով Մյունխենում տեղի ունեցած Ալիև-Փաշինյան հանդիպումը։
Պատգամավորը վստահ է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այդ բանակցությունների ժամանակ իր պահանջները ներկայացրել է․
«Եթե պետք է՝ զենքով, պետք է՝ բանակցություններով, պետք է՝ խաբելով, ստերով Հայաստանից մաս-մաս տարածքներ է պոկում։
Իսկ Փաշինյանը Կառավարության նախորդ նիստի ժամանակ պարզ շանտաժի է ենթարկում մեր ժողովրդին, որ եթե հանկարծ կռվեք՝ 4-ի փոխարեն կարող է ավելի շատ մարդ կորցնեք․ սա ժողովրդի ոգին կոտրելու նրա քաղաքականության դրսևորումներից է»,- պնդել է Խաչատրյանը։