Ինքնաթիռի ուղևորը ծեծի է ենթարկել բորտուղեկցորդին և ձերբակալվել (տեսանյութ)
ՏեսանյութերԲանգկոկից Լոնդոն թռչող Thai Airways ավիաընկերության ինքնաթիռի ուղեւորը թռիչքի ժամանակ սկսել է ջարդուփշուր անել զուգարանն ու ծեծի ենթարկել բորտուղեկցորդին։ Միջադեպը ֆիքսվել է Metro-ի հրապարակած տեսանյութում։
Ականատեսների վկայությամբ՝ 35-ամյա տղամարդը գտնվել է զուգարանում, սակայն հանկարծ սկսել է բղավել ու կոտրել դուռը։ Ուղևորները փորձել են հանգստացնել նրան, սակայն խռովարարը հարձակվել է անձնակազմի անդամի վրա: Կադրերում երեւում է, թե ինչպես է նա ուժգին հարվածում նրա դեմքին, որից հետո բորտուղեկցորդն ընկում է հատակին։
Ինքնաթիռում գտնվող մարդիկ սկսել են շարժվել դեպի ինքնաթիռի հետնամաս՝ իրենց հետ տանելով երեխաներին։ Լոնդոն ժամանելուն պես տղամարդը ձերբակալվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ծանր մարմնական վնասվածք հասցնելու և օդանավի անվտանգությունը վտանգի տակ դնելու մեջ։
Տուժած բորտուղեկցորդը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում։