ՆԳՆ-ն զգուշացնում է՝ երթևեկելիս պարտադիր ամրակապվել. վարչարարությունը կխստացվի
ՀասարակությունԵրթևեկության անվտանգությունը ՆԳՆ ոստիկանության գործունեության կարևորագույն նպատակներից է, որին հասնելու համար պարբերաբար ձեռնարկվում են ամենատարբեր միջոցառումներ:
Վիճակագրությունը ստիպում է լինել հատկապես հետևողական:
Պատահարների ծանր հետևանքները կանխարգելելու լավագույն միջոցներից է ամրագոտին, որն օգտագործելու մշակույթը, չնայած ոստիկանության ակտիվ իրազեկմանն ու վարչարարությանը, մեր հանրության մի մասի համար այդպես էլ չդարձավ կենսակերպ:
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում և զգուշացնում է բոլոր վարորդներին և ուղևորներին` երթևեկելիս պարտադիր ամրակապվել:
Վարչարարությունը խստացվելու է, այս ուղղությամբ իրականացվելու են պարբերական միջոցառումներ, այդ թվում` ուժեղացված ծառայություններ:
Եվ եթե մոտ ապագայում վարորդներն ու ուղևորներն անվերապահորեն չհետևեն ամրագոտին կիրառելու վարքականոնին, իրավախախտումը հայտնաբերելու համար օգտագործվելու են նաև տեսահսկող սարքերը՝ ապահովելով բոլոր իրավախախտների պատասխանատվության անխուսափելիությունը:
Ոստիկանությունը հորդորում է լինել օրինապահ ու գիտակից և մաղթում բարի երթ: