Երեք աշակերտուհու նախաձեռնությամբ գյումրեցի 5 ընտանիք օգնություն ստացավ
ՀասարակությունԵրևանի Անանիա Շիրակացու անվան դպրոցի 9-րդ դասարանի երեք աշակերտուհի իրենց մանկության երազանքն են իրագործել. նախաձեռնել էին, օգնություն հավաքել և հավաքված գումարը նվիրաբերել դրա կարիքն ունեցող գյումրեցի հինգ ընտանիքի: Այսօր արդեն հավաքված ամբողջ գումարը հասավ հասցեատերերին:
Իրենց նախաձեռնությունն իրականացնելու համար Գայանե Մուրադյանը և իր ընկերուհիները՝ Նանե Պողոսյանն ու Մարգարիտա Գրիգորյանը, տնակների լուսանկարներով և համապատասխան գրությամբ պաստառ էին պատրաստել և այն տեղադրել կայքում, որի միջոցով հնարավոր էր եղել հավաքել անհրաժեշտ գումարը ընտանիքներին օգնելու համար:
Պաստառի վրա, մասնավորապես, գրված էր.
«Գյումրին, որը Հայաստանի երկրորդ մայրաքաղաքն է, ունի բոլորիս օգնության կարիքը: Այդ նպատակով, ցանկանալով ապագայում Գյումրին տեսնել առավել զարգացած` առանց տնակների և անօգնական մարդկանց, որոշում ենք կայացրել մեր և ձեր օգնությամբ հավաքել գումար և այն տրամադրել անապահով մարդկանց:
Մենք ուզում ենք Գյումրին տեսնել առանց տնակների:
Մեր կողմից ցուցաբերենք օգնություն Գյումրիի զարգացման համար:
Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ապրել բարեկեցիկ կյանքով և յուրաքանչյուր երեխա արժանի է ունենալ անհոգ մանկություն:
Եկեք օգնենք նրանց»: