ՀԱՊԿ-ում ՀՀ-ի մասնակցության դե յուրե «սառեցումը» կսահմանափակի երկրի անվտանգության ապահովումը․ Բորդյուժա
Արտաքին ՔաղաքականՀայաստանի կողմից ՀԱՊԿ-ին մասնակցության իրավական կասեցման հարցի քննարկման դեպքում երկիրը կարող է բախվել կազմակերպությունում ձայնի իրավունքի կորստի և ՀԱՊԿ-ից լիարժեք պաշտպանությունը կորցնելու վտանգի առաջ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
Եթե Հայաստանը, այնուամենայնիվ, դադարեցնի իր անդամակցությունը կազմակերպությանը, նա այլևս չի մասնակցի որոշումների կայացման գործընթացին և ՀԱՊԿ միջոցառումներին, որոնք իրականացվում են ընդհանուր անվտանգության ամրապնդման համար, նշել է Բորդյուժան՝ մեկնաբանելով Փաշինյանի խոսքերը։
«Սա նշանակում է, որ այն առայժմ սառեցված ռեժիմում է լինելու, այդ թվում՝ անվտանգության համակարգի հետ կապված»,- ասել է Բորդյուժան։
Նա նաև կասկած է հայտնել, որ Հայաստանը կկարողանա իրեն ապահովել այլընտրանքային անվտանգության համակարգով։
Միաժամանակ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը գործակալությանը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ում մասնակցության պաշտոնական կասեցման մեխանիզմը գոյություն ունի և նախկինում արդեն կիրառվել է։