Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է հարաբերությունների կարգավորման գործում «Զանգեզուրի միջանցքի» կարևորության մասին
Արտաքին Քաղաքական«Զանգեզուրի միջանցքը» կարևոր տարր է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհին։
Ինչպես հաղորդում է Trend-ը, այս մասին Անթալիայում Դիվանագիտական ֆորումում պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
«Ի լրումն փոխգործակցության և տրանսպորտային կապի զուտ տնտեսական օգուտների, Միջին միջանցքը կարող է նաև ծառայել որպես հետկոնֆլիկտային միջավայրում վստահության և խաղաղության ձևավորման կարևոր գործիք: Հարավային Կովկասում դրա վառ օրինակն է «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը: Սա կարևոր տարր է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար»,- ասել է նա։
Ամիրբեկովը նշել է, որ «այս ճանապարհը ոչ միայն կկապի Հայաստանն ու Ադրբեջանը՝ վերջ դնելով Հայաստանի տնտեսական մեկուսացմանը, այլև օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին, այդ թվում՝ Ռուսաստանին, Թուրքիային և Իրանին»։
«Մենք իսկապես հուսով ենք, որ Հայաստանը, որը ներկայումս ձգձգում է այս տրանսպորտային կապի վերականգնման ծրագրի իրականացումը, կգիտակցի իր օգուտը և կփորձի տեղավորվել տրանսպորտային կապերի տարածաշրջանային քարտեզում։ Հակառակ դեպքում, «խաչմերուկ» նախագիծն իրականացնելու Հայաստանի ներկայիս գաղափարն անարդյունավետ կլինի, և այն կմնա փակուղային տարածաշրջան»,- հավելել է նա։