Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չի արել. Փաշինյան
ՔաղաքականՀայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չի արել, չկա մի տեղ, որտեղ ՌԴ-ն կարող է մեղադրել Հայաստանին պարտավորությունները չկատարելու մեջ, սակայն հակառակ դեպքերը բազմաթիվ են:
Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում:
Փաշինյանը նշեց, որ Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններն ակնհայտորեն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, սակայն դրանց կարևորությունը Հայաստանի պետականության, ինքնիշխանության, անվտանգության, տնտեսության համար դժվար է թերագնահատել:
«Մենք իսկապես Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չենք արել, չկա մի տեղ, որտեղ մեր գործընկերները մեզ կարող են մեղադրել մեր պարտավորությունները չկատարելու մեջ, հակառակ դեպքերը, ցավոք, բազմաթիվ են: Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ մենք չենք ուզում վիճել Ռուսաստանի Դաշնության հետ՝ ոչ միայն այն պատճառով, որ դրա հնարավորությունն ու ուժը չունենք, այլ այն պատճառով, որ մենք գնահատում ենք այն ահռելի դրականը, որ եղել է ու կա մեր հարաբերությունների մեջ»,-ասաց Փաշինյանը: