Մեր բացառիկ քաղաքը միշտ տարբերվել է թասիբով ու հումորով. Շիրակի մարզպետի ուղերձը
ՏեսանյութերՇիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը շնորհավորական ուղերձ է հղել Գյումրիի օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ գյումրեցիներ, իմ շատ սիրելի՜ համաքաղաքացիներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի քաղաքի` Գյումրու օրվա առթիվ:
Այսօր մեր բոլորի տոնն է։ Ու բոլորիս համար է տոն, որովհետև մեզ Գյումրու նկատմամբ անսահման սերն ու հիացմունքն են միավորում։
Մեր բացառիկ քաղաքը միշտ տարբերվել է թասիբով ու հումորով, հյուրասիրությամբ ու ջերմությամբ։
Գյումրին շքեղ, միևնույն ժամանակ պարզ է եղել բոլորի համար, այնքան հասկանալի` կենսակերպով ու կենցաղով, միաժամանակ` խորհրդավոր պատմությամբ ու կոլորիտով։
Ձգտումի, ժպիտի և սիրո քաղաք է Գյումրին, որը չսիրել չես կարող, որով չհիանալ չի լինի։ Գյումրու ամեն անկյունն ու թաղն իր ուրույն, հետաքրքիր ու տարբերվող պատմությունն ունի։
Հնամյա շենքերը, լեզուն ու խոսքը, ինքնատիպ ու սուր մտքերը ներկայացնում են Գյումրին ու գյումրեցու առանձնահատկության մասին են պատմում։
Գյումրին բազմաթիվ փորձություններով է անցել, աղետ ու դժվարություն է տեսել, ընկել է, սակայն երբեք չի ծնկել, գյումրեցին իրեն վայել պատվախնդրությամբ ու արժանապատվությամբ է դուրս եկել դժվարությունների դեմ և դրանք հաղթահարել ու շարժվել է առաջ։
Այժմ էլ ժամանակն է առաջ նայելու և համատեղ ջանքերով մեր քաղաքն ավելի գեղեցիկ, առավել բարեկեցիկ ու սիրուն դարձնելու։
Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի քաղաք։
Շնորհավո՛ր տոնդ հարազատ գյումրեցի: