Որոշ երկրներ իրենց քաղաքացիներին կոչ են արել շտապ հեռանալ Լիբանանից
ՏեսանյութերԳերմանիան անհապաղ խնդրել է իր քաղաքացիներին լքել Լիբանանը Գոլանի բարձունքների վրա հրթիռակոծություններին Իսրայելի լայնածավալ ռազմական պատասխանի մտավախության պատճառով, հաղորդում է Euronews-ը:
«Իրավիճակի հետագա սրումը և հակամարտության ընդլայնումը չեն կարող բացառվել։ Դա վերաբերում է մասնավորապես Լիբանանի հարավային շրջաններին՝ ներառյալ Ռաֆիկ օդանավակայանից օդային երթևեկության ամբողջական դադարեցմանը. այլևս հնարավոր չի լինի օդային ճանապարհով հեռանալ Լիբանանից»,- ասվում է Գերմանիայի արտգործնախարարության հայտարարության մեջ:
Նման նախազգուշացումներ են արել Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն։
Երկուշաբթի օրը Իսրայելը շարունակել է իր հարձակումները Լիբանանի հարավում։ Շակրա քաղաքում երկու մարդ է զոհվել, ևս երեքը՝ վիրավորվել։
Սպիտակ տունը հայտարարել է, որ Իսրայելն ունի բոլոր իրավունքները՝ արձագանքելու Գոլանի բարձունքներին «Հեզբոլլահի» հարվածին, սակայն կոչ է անում զսպվածություն ցուցաբերել Իսրայել-Լիբանան սահմանի երկայնքով աճող լարվածության ֆոնին:
«Մեր կարծիքով՝ ոչ մի պատճառ չկա, որ դա հանգեցնի որևէ դրամատիկ էսկալացիայի։ Դիվանագիտության համար դեռ ժամանակ և տեղ կա», - ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբին:
«Հեզբոլլահը» հայտարարել է, որ սկսել է ճշգրիտ կառավարվող հրթիռներ տեղափոխել, սակայն չի ցանկանում լայնամասշտաբ պատերազմ Իսրայելի հետ:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցելել է հրթիռային հարձակման վայր և ասել, որ «պատասխանը կգա, և դա կլինի խիստ»: