«Մերսեդես»-ի ոչ սթափ վարորդը բախվել է կայանված մեքենային և վրաերթի ենթարկել հեծանվորդի. վերջինս մահացել է
Արտակարգ ՊատահարՕգոստոսի 18-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Ալիկ Ե.-ն իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի 47 հասցեի մոտ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ֆորդ Տրանզիտ»-ին, ապա «ՎՏԲ» բանկի հարևանությամբ վրաերթի ենթարկել հեծանվորդ, Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Գ.-ին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, շտապօգնության բժիշկները վրաերթի ենթարկվածին տեղափոխել են հիվանդանոց: Նա, շտապօգնության ավտոմեքենայում ճանապարհին գիտակցության չգալով, մահացել է։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է ոչ սթափ։
Պարեկներն ու ոստիկանները նրան տեղափոխել են ոստիկանության Մարտունու բաժին։
Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան և հեծանիվը տեղափոխվել են ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։