ՀՀ նախագահը և Քուվեյթի դեսպանը շեշտել են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման կարևորությունը (տեսանյութ)
ԲլոգոսֆերաՀայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ՀՀ նախագահը, ողջունելով դեսպանին, բարձր է գնահատել վերջինիս կատարած աշխատանքը և հայ-քուվեյթյան հարաբերությունների ու երկու երկրների ժողովուրդների բարեկամության առավել ամրապնդմանն ուղղված նրա գործադրած ջանքերը:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նախագահին փոխանցել Քուվեյթի Պետության էմիր Նորին Վսեմություն շեյխ Միշալ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահիի ողջույնները:
Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Քուվեյթի միջև համագործակցության զարգացման հեռանկարները, մասնավորապես տնտեսության և տուրիստական ոլորտներում: Այս համատեքստում կարևորվել է երկու երկրների ներդրումների աջակցության գերատեսչությունների միջև կապերի խթանումը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ քաղաքացիների համար Քուվեյթ մուտքային ռեժիմի դյուրացման հնարավորություններին:
Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրողությունների և զարգացումների վերաբերյալ: Այս համատեքստում երկուստեք շեշտվել է կայուն խաղաղության հաստատման կարևորությունը: