ԱՄՆ սենատոր Մենենդեսը հրաժարական է տվել
Արտաքին ՔաղաքականԱմերիկացի սենատոր Ռոբերտ Մենենդեսը կոռուպցիոն սկանդալի ֆոնին հրաժարական է ներկայացրել, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Ես կհրաժարվեմ Միացյալ Նահանգների սենատորի իմ պաշտոնից։ Չնայած ես մտադիր եմ բողոքարկել երդվյալ ատենակալների դատավճիռը մինչև վերջ՝ ներառյալ մինչև Գերագույն դատարան, բայց չեմ ցանկանում, որ Սենատը ներգրավվի այս երկարատև գործընթացում», - ասվում է Մենենդեսի նամակում:
Նշվում է, որ հրաժարականն ուժի մեջ կմտնի 2024 թվականի օգոստոսի 20-ից:
Ինչպես հայտնել ենք, Միացյալ Նահանգներում երդվյալ ատենակալները դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսին մեղավոր են ճանաչել բոլոր 16 մեղադրանքներում, որոնք ներառում են կոռուպցիայի և Եգիպտոսի և Քաթարի շահերի լոբբինգը՝ որպես օտարերկրյա գործակալ։ Բացի այդ, քաղաքական գործիչը մեղավոր է ճանաչվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, շորթման և խարդախության մեջ։
Մենենդեսին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում, սակայն նա կարող է բողոքարկել վճիռը։