Ամերիկացի քաղխորհրդատուն ՊՆ-ում աշխատանքը կսկսի առաջիկա ամիսներին. Դեսպանատուն
ՔաղաքականԱՄՆ պետքարտուղարության քաղաքացիական խորհրդատուն մտադիր է խորհրդատվական աջակցությունը սկսել առաջիկա ամիսներին, «Ազատությանը» հայտնել են ԱՄՆ դեսպանատնից՝ պատասխանելով հարցին, թե կոնկերտ ե՞րբ է ԱՄՆ ներկայացուցիչը աշխատանքը սկսելու Հայաստանի Պաշտպանության նախարարությունում։
Դեսպանատնից պարզաբանել են, որ Գլոբալ պաշտպանական բարեփոխումների ծրագրի խորհրդատուն չի ֆինանսավորվում ԱՄՆ բանակի կամ Պաշտպանության դեպարտամենտի կողմից։ Ֆինանսավորումն ապահովում է Պետքարտուղարությունը կողմից, և խորհրդատուն աջակցելու է Հայաստանի պաշտպանական հաստատությունների ամրապնդմանը։
«ԱՄՆ պետքարտուղարության Գլոբալ պաշտպանական բարեփոխումների ծրագիրն աշխարհով մեկ աջակցում է գործընկեր պետություններին առավել դիմակայուն, արդյունավետ ու հաշվետու անվտանգային հաստատությունների ձևավորման հարցում՝ ապահովելով ռազմավարական մակարդակի խորհրդատվական աջակցություն», - հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։
Կոնկրետ որտե՞ղ է տեղակայվելու խորհրդատուն, արդյոք հենց Պաշտպանության նախարարությունում։ Դեսպանատան փոխանցմամբ՝ խորհրդատուն աշխատելու է Հայաստանում՝ «կանոնավոր աշխատանքային շփումներ ունենալով դեսպանության և Պաշտպանության նախարարության հետ»:
«Խորհրդատվական աջակցության միջոցով Միացյալ Նահանգները մտադիր է աջակցել Հայաստանին՝ անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում, որն էլ իր հերթին կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը»,- նշված է դեսպանատան գրավոր պատասխանում։
ԱՄՆ դեսպանատունը նաև ռազմական կցորդ ունի Հայաստանում։