Մեզանից ոչ ոք ոչինչ չի խլում, այլ Փաշինյանի հետ սինխրոնացված խաղով, պասերով ստանում են. Աշոտյան
Քաղաքական«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Քաղաքացի Սերոբ Առաքելյանը նրան հարցրել է.
«Արդյո՞ք Միջանցքը սեպտեմբերին կխլեն մեզնից, և Նիկոլը նորից կդավաճանի հայ ժողովրդին»:
Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.
«Մեզանից ոչ ոք ոչինչ չի խլում, այլ Փաշինյանի հետ սինխրոնացված խաղով, պասերով ստանում են։ Այս խոսացած, սարքած խաղը, ինչպես Նիկոլն է խոստովանել ԱԺ ամբիոնից, սկսվել է 2018թ.-ից, այն ժամանակ՝ թաքուն, հիմա՝ բացահայտ։
Այս պահին Սյունիքով պանթյուրքական Միջանցքին խոչնդոտում է ոչ թե Փաշինյանը, այլ նախևառաջ՝ Իրանը, որոշ չափով՝ նաև Ռուսաստանը։ Այդ միջանցքի համար կռիվը գնում է Արևմուտք-Թուրքիա-Ադրբեջան՝ ընդդեմ Իրան-Ռուսաստան-Չինաստան խաղակազմերով, որտեղ Հայաստանը, ի դեմս Փաշինյանի, խաղում է առաջին թիմի օգտին և ի վնաս սեփական շահերի։
Կրկնեմ, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» չունի որևէ մեգատնտեսական նշանակություն համաշխարհային տնտեսության համար և հանդիսանում է մաքուր գեոպոլիտիկ նախագիծ Եվրասիական մայրցամաքում ուժերի վերադասավորություն ապահովելու համար»։