Արայիկ Հարությունյանը և Ջոն Ալելոն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շրջանակին
ՀասարակությունՎարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյին:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերի Հայաստան կատարած այցին, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շրջանակին, ժողովրդավարական գործընթացների զարգացման հարցերին, Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված բնակչության բնակարանային ապահովության և զբաղվածության ծրագրերին, տարածաշրջանում խաղաղության, տնտեսական համագործակցության և կառավարության կողմից իրականացվող ընթացիկ բարեփոխումների իրականացման հարցերին:
Արայիկ Հարությունյանը կարևորել է «Ռազմավարական հաղորդակցության ճարտարապետության» ձևավորման ու իրականացման, ինչպես նաև՝ հանրային մասնակցության ինստիտուցիոնալ մեխանիզմների կայացման հարցերը:
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենը ներկայացրել է ՀՀ կառավարության հետ իրականացվող լայնածավալ օրակարգը և պատրաստակամություն հայտնել աջակցություն ցուցաբերելու ՀՀ կառավարությանը կարողությունների ձևավորման, դիմակայունության և այլ զարգացման հարցերում: