Պետքարտուղարությունը պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու պաշտպանունակությանը. Փալոն
ՀասարակությունՈւրախ եմ, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ, սակայն այդ խոսակցություններն անօգուտ են, եթե իրական հետևանքներ չլինեն Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի և մարդու իրավունքների կրկնվող խախտումների համար: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։
«Պետքարտուղարությունը պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու պաշտպանունակությանը»,- ասված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները։
Էնթոնի Բլինքենը հանդիպմանը նշել է, որ Բաքուն և Երևանը մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը։
Հանդիպումից հետո ՀՀ ԱԳ նախարարը ևս գրառում էր կատարել՝ վերահաստատելով Հայաստանի քաղաքական կամքը՝ հնարավորինս շուտ ավարտելու և կնքելու խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ։