ԼՂ ԱԱԾ-ի նախկին աշխատակիցները ՀՀ ԱԱԾ-ում համապատասխան պաշտոններում աշխատելու հնարավորություն կունենան. Անդրանիկ Սիմոնյան
ՀրապարակումներԱզգային անվտանգության ծառայությունն առաջարկում է իրավական հիմքեր ստեղծել՝ Լեռնային Ղարաբաղի ԱԱԾ նախկին աշխատակիցներին ՀՀ ԱԱԾ-ում համապատասխան պաշտոնների նշանակելու համար:
ԱԺ արտահերթ նիստում նախագիծը ներկայացրեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը։
«Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության բազմաթիվ աշխատակիցներ ցանկություն են հայտնել ծառայության անցնելու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու պարագայում։ Ընդ որում, նրանց մի մասը Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության համակարգում զբաղեցրել են ավագ կամ գլխավոր խմբի պաշտոններ և ունեցել են սպայական բարձր կոչումներ։ Հետևաբար, վերջիններիս կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելը դեռևս բավարար չի լինի Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում իրենց զբաղեցրած պաշտոններին համապատասխանող պաշտոնների նշանակելու համար»,- ասաց Սիմոնյանը։