Բորելը հայտնել է՝ ԵՄ-ն երբ իր «դուռը կփակի» Վրաստանի առջև
ՀասարակությունՎրաստանը կկորցնի Եվրամիությանն անդամակցելու իր շանսերը, եթե երկրի իշխանությունները շարունակեն իրենց ներկայիս քաղաքականությունը, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման մեկնարկից առաջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Վրաստանի ժողովուրդների համար ճանապարհը բաց է դեպի ԵՄ, սակայն, եթե կառավարությունը շարունակի անել այն, ինչ անում է, այդ ճանապարհը կփակվի։ Այսօր ԵՄ երկրները ոչ մի կոնկրետ որոշում չեն կայացնում։ Սակայն Խաղաղության եվրոպական հիմնադրամի ֆինանսական աջակցությունը և բարձր քաղաքական մակարդակով շփումները կարող են սահմանափակվել»,- ասել է Բորելը:
Անցած շաբաթվա վերջին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Թբիլիսին ծրագրում է Եվրամիության անդամ դառնալ մինչև 2030 թվականը։ Նրա խոսքով, այս նպատակին հասնելու համար կարևոր է գործընկերների և բարեկամ երկրների աջակցությունը։
Բրյուսելն ու Վաշինգտոնը քննադատում են Վրաստանում ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։ Արևմտյան քաղաքական գործիչները պնդում են, որ օրենքը հակասում է եվրոպական սկզբունքներին ու արժեքներին:
ԵՄ-ն զգուշացնում է, որ կհրաժարվի ընդունել երկիրը, ինչպես նաև սպառնում է այլ միջոցներ ձեռնարկել։