ՄԵՐ ՈՍՏԻԿԱՆԸ. Աշոտ Մինասյան
Այլ«Սիսիական ջոկատի» հրամանատար Աշոտ Մինասյանը, որին ձերբակալել էին որպես «Սրբազան շարժման» աջակից՝ Բաղրամյանում տեղի ունեցած բախումներից հետո՝ հունիսի 12-, իր էջում կիսվել է իր ապրումներով:
«ՄԵՐ ՈՍՏԻԿԱՆԸ
Ծեծում եմ դուռը։
֊Ո՞ր խուց ես։
֊ 11֊ը։
Վալչոկը բացվում է, և ենթասպան հարցնում է։
֊ Ի՞նչ ես ուզում։
֊ Զուգարան կարելի՞ է։
֊ Հեսա բացեմ։ Շոր քցի վրեդ։
Ես հետ եմ վերադառնում նառիս մոտ ու սկսում հագնել վերնահագուստս։
֊ Էդ ի՞նչ գրքեր են սեղանիդ դրված, ի՞նչ ես կարդում։ Մեկը բեր, նայեմ։
Ես սեղանից վերցնում եմ գրքերից մեկը և փոխանցում ենթասպային։ Ենթասպան բարձրաձայն, տառկապ անելով կարդում է գրքի շապիկը.
֊ Գաբրիել Գար֊սիա Մարկես, <<Գեներալն իր լաբի֊լաբիրի֊լա֊բի֊րին֊թոսուում>>։ Երկու գիրքն էլ նույննա՞։
֊ Չէ, տարբեր են։
֊ Բա ինչի՞ են նույն գույնի։
֊Տպարանում են այդպիսի գույներ ընտրել։ Նոբելյան մրցանակակիրների գրքերից են։
֊Ու՞մ գրքերից։
֊ Նոբելյան մրցանակակիրների,֊ պատասխանում եմ ու շարունակում ճանապարհս դեպի զուգարան։ Հետդարձին նկատում եմ, որ ենթասպայի սեղանին դրված է նաև երկրորդ գիրքը։
֊ Կենդանասե՞ր եք։
֊ Չէ, ինչի՞։
֊ Բա ինչի՞ եք գայլերի մասին կարդում, էլ ուրիշ բան չկա՞ կարդալու։ Հասկացա, որ զինվորական եք ու գեներալի մասին եք կարդում, բա գայլի մասին ինչի՞ եք կարդում։
Ես ծիծաղս մի կերպ զսպում եմ ու ասում.
֊Գիրքը հոգևոր ճգնաժամի մասին է, ու հեղինակն է այդպես վերնագրել իր գիրքը։
Խոսքը Հերման Հեսսեի <<Տափաստանի գայլը>> գրքի մասին է»։
ք. Երևան
ՁՊՎ, խուց 11
15.06.2024թ.
Աշոտ Մինասյան