Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի գործով մեղադրյալ Հակոբյանը կշարունակի մնալ կալանավորված
ՔաղաքականԳեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած ողբերգական հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքի ժամկետը երկարացվել է։ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարդան Հարությունյանի նախագահությամբ, հունիսի 14-ին որոշում է կայացրել՝ Եղիշե Հակոբանի կալանքի ժամկետը ևս երեք ամսով երկարացնելու մասին։ Դատարանը որոշել է անփոփոխ թողնել նաև սահմանված սահմանափակումները՝ տեսակցությունների, անձանց հետ շփումների։ Դատարանը գտել է, որ դեռևս առկա են գործի քննությանը խոչընդոտելու ռիսկերը՝ նկատի ունենալով, որ դատարանում ցուցմունք են տվել միայն վկաների և տուժողների մի մասը, մինչդեռ, վերջիններիս հետ մեղադրյալը հիմնականում ունի ծառայողական կամ ընկերական շփումներ։ Այս մասին հայտնում է Փաստինֆոն։
Ավելի վաղ՝ մայիսի 24-ին, դատարանը որոշել է երկարացնել նաև մեղադրյալ Գոռ Աղեկյանի կալանքի ժամկետը, նրա դեպքում՝ երկու ամսով։ Գոռ Աղեկյանի պաշտպանն արդեն իսկ վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել և փոխել դատարանի որոշումը՝ Աղեկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով տնային կալանք, բացակայելու արգելք և գրավը՝ 17,000,000 ՀՀ դրամի չափով։ Բողոքը նախօրեին մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Հովհաննիսյանին։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։