«Մոսկվա» կինոթատրոնի տանիքից քաղաքացիներ են ընկել. նրանցից մեկին տեղափոխել են հիվանդանոց
ՀասարակությունԱյսօր՝ հունիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:40-ի սահմաններում 2 քաղաքացի «Մոսկվա» կինոթատրոնի ամֆիթատրոնի տանիքից դեռևս անհայտ հանգամանքներում վայր է ընկել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները: Օպերատիվորեն ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում ընկած քաղաքացիներից տղային օգնություն են ցուցաբերել ու տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Երիտասարդ աղջիկը տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել: Ահազանգով ժամանել են նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Այս պահին տանիքից ընկած տղայի և աղջկա ինքնությունը չենք հրապարակում: Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում: