ԵԽԽՎ-ն փաստել է, որ Չալաբյանի նկատմամբ իրականացվել է քաղաքական քրեական հետապնդում
ԻրավունքՕրերս հրապարակվեց Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցը, որում ի թիվս այլնի անդրադարձ է կատարվել մեր պաշտպանյալ Ավետիք Չալաբյանի քրեական գործին։
Մասնավորապես, ԵԽԽՎ-ն փաստել է, որ Չալաբյանի նկատմամբ իրականացվել է քաղաքական քրեական հետապնդում, իսկ հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրռելու հանցակազմը հակասում է խաղաղ հավաքների ազատության եվրոպական ուղեցույցին, որի համաձայն՝ հավաքներին մասնակցելու նյութական խրախուսումը չի կարող քրեականացվել, և քրեական պատժի կիրառումն այս դեպքում ոչ իրավաչափ է։
Այս մասին մենք խոսել ենք քրեական հետապնդման առաջին իսկ օրվանից և սահմանադրական դատարան դիմելու միջնորդություններ ենք արել և՛ դատախազությանը և՛ գործը քննող ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին (նախագահող՝ Մ․ Մարտիրոսյան), որոնք (բնականաբար) մերժվել են։
Այժմ գործը գտնվում է վերաքննիչ քրեական դատարանի վարույթում (նախագահող՝ Ա․ Նիկողոսյան), որի շրջանակներում նույնպես ՍԴ դիմելու միջնորդություն ենք ներկայացնելու և որպես լրացուցիչ հիմնավորում ներկայացվելու է նաև այս զեկույցը։
Փաստաբան Վարազդատ Հարությունյան