«Հրապարակ». Աշխատանքային ա՞յց, թե՞ ֆուտբոլ դիտելու ուղևորություն
Քաղաքական«Հրապարակ» թերթը գրել է.
Թեպետ ընդամենը ապրիլի վերջին էր խորհրդարանից պատվիրակություն գործուղվել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, սակայն օրերս մի խումբ ՔՊ-ականներ կրկին աշխատանքային քառօրյա այցով մեկնել են Բեռլին։ ԱԺ նախագահի ստորագրած կարգադրությունից տեղեկանում ենք, որ հունիսի 24-28-ը Բեռլին են գործուղվել Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամ, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, անդամներ Ռուստամ Բաքոյանը, Բաբկեն Թունյանը, Միքայել Թումասյանը, Հռիփսիմե Հունանյանը, ինչպես նաեւ՝ աշխատակազմից մեկ անձ։ Թե ինչ աշխատանքային այց է, խորհրդարանի ղեկավարի ստորագրած կարգադրության մեջ չի նշվում։
Ինչպես հայտնի է՝ այս օրերին Գերմանիայում ընթանում են ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերը, եւ կասկած չկա, որ իշխանականների՝ Գերմանիայի նկատմամբ հանկարծահաս հետաքրքրությունն էլ ֆուտբոլով է պայմանավորված: Ինչպես մեկ շաբաթ առաջ աշխատանքային այցով Գերմանիա մեկնած կրթության նախարարի եւ ԱԺ համանուն հանձնաժողովի ղեկավար Սիսակ Գաբրիելյանի հետաքրքրությունը, որոնք գեղեցիկ լուսանկարներ էին հրապարակել մարզադաշտից՝ ֆուտբոլ դիտելիս։