Հայաստանը եւ Վրաստանը բարեկամական մթնոլորտում կշարունակեն սահմանազատման գործընթացը. Միրզոյան
ԱՄՆՀայաստանը եւ Վրաստանը մտադիր են բարեկամական մթնոլորտում շարունակել եւ ավարտել սահամանզատման եւ սահմանագծման գործընթացը։ Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վրաց գործընկերոջ հետ Թբիլիսիի համատեղ մամուլի ասուլիսում։
Նա փաստել է, որ սա նրա առաջին այցն է հարեւան երկիր ռազմավարական գործընկերության հաստատումից հետո։
Միրզոյանի գնահատմամբ՝ երկու երկրների հարաբերությունների բովանդակությունը սկսել է համալրվել նոր տարրերով, դրանք սրընթաց զարգանում են։ Երեւանի եւ Թբիլիսիի միջեւ հարուստ օրակարգ կա, կողմերն արդյունավետորեն համագործակցում են բոլոր ոլորտներում՝ տնտեսությունից մինչեւ անվտանգություն, կրթությունից մինչեւ տուրիզմ, կա առաջընթաց առեւտրում։
«Երկրները բարձր մակարդակով հայտարարել են միմյանց ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ընդունման մասին։ Ձեւավորվել է հստակ ընկալում բարեկամական մթնոլորտում շարունակելու եւ ավարտելու սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը»,- հայտնել է Միրզոյանը՝ նշելով այն աջակցությունը, որը կողմերը ցուցաբերում են միմյանց աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում։