Բելառուսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ
ՔաղաքականԲելառուսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) լիիրավ անդամ, գրում է Interfax-ը։
Կազմակերպությունում Բելառուսին ընդունելու մասին փաստաթուղթը ստորագրվել է ՇՀԿ անդամ երկրների ղեկավարների կողմից՝ Աստանայում կայացած գագաթնաժողովում։
Նախկինում Բելառուսը ՇՀԿ-ում դիտորդի կարգավիճակ ուներ։
«Բելառուսը ավարտել է անհրաժեշտ ընթացակարգերը Շանհայի համագործակցության կազմակերպությանը լիարժեք անդամակցելու ճանապարհին։ Եթե որևէ առարկություն չլինի, ես առաջարկում եմ հանդիպումը սկսել ՇՀԿ անդամ-պետություններին Բելառուսի Հանրապետության ընդունման մասին փաստաթղթերի ստորագրման արարողությամբ։ Բելառուսը ՇՀԿ-ում ընդունելու որոշումը կայացվել է, ես անկեղծորեն շնորհավորում եմ ձեզ»,- ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ բացելով գագաթնաժողովը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է Բելառուսի մուտքը ՇՀԿ՝ որպես ասոցիացիայի լիիրավ անդամ։
«Ցանկանում եմ ողջունել բոլորիդ և, իհարկե, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Գրիգորիևիչ Լուկաշենկոյին Բելառուսի Հանրապետությունը որպես ՇՀԿ-ի լիիրավ անդամ ընդունելու ընթացակարգի ավարտի կապակցությամբ», - ասել է նա իր ելույթում։