10 մլն եվրո վարկ և 2 մլն եվրո դրամաշնորհ՝ Սյունիքում մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցմանը
ՀրապարակումներՎերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 10 միլոն եվրո վարկ է տրամադրում Հայաստանին՝ Սյունիքի մարզում մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցումը ֆինանսավորելու նպատակով։ Բանկը նաև 2 միլիոն եվրո դրամաշնորհ կտրամադրի Բաժնետերերի հատուկ հիմնադրամի (SSF) միջոցներից՝ ծրագիրը համաֆինանսավորելու նպատակով։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից։
«Երկրում նոր լոգիստիկ և մաքսային կենտրոնը կբարձրացնի մաքսազերծման ծառայությունների արդյունավետությունը և կօգնի բավարարել առևտրի ծավալների մեծացմամբ պայմանավորված ավելացված պահանջարկը։ Կենտրոնի նպատակն է «մեկ պատուհան» ապահովել, որն էապես կկրճատի մաքսային ձևակերպումների համար պահանջվող ժամանակը` շրջանառությունը հեշտացնելով՝ ի նպաստ ծառայություններից մասնավոր օգտվողների։ Ավելին, կենտրոնը կկառուցվի էներգաարդյունավետության միջազգային ստանդարտների համաձայն և կլինի երկրում առաջին պետական մարմիններից մեկը, որը կորակվի որպես «կանաչ շենք»»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը ստորագրվել են մայիսի 14-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և ՎԶԵԲ փոխնախագահ Մատեո Պատրոնեի կողմից՝ ՎԶԵԲ Տարեկան հանդիպման և Գործարար համաժողովի շրջանակներում՝ Երևանում։