Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան
ՀասարակությունՀայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն արձագանքել է մամուլում շրջանառվող լուրերին, թե իբր ինքն անձամբ է համակարգում «ցուցարարներին ցրելու, ծեծելու, բերման ենթարկելու» գործընթացը»՝ դրանք որակելով կեղծ լուրեր, որոնց նպատակը ՆԳՆ բարեփոխումները կասեցնելն է։ Արփինե Սարգսյանն այդ մասին ասել է «Արմենպրես»-ի հետ զրույցում։
«Թիրախավորված տեղեկատվական այս գրոհը, ինչի շրջանակում հրապարակվում են բացահայտ սուտ, որոշ շրջանակների կողմից ուղղորդված և ոստիկանական շարքերում պառակտում մտցնելու նպատակ ունեցող տեղեկություններ, նպատակ ունի նաև թիրախավորել և վարկաբեկել ինձ։
Նման գործելաոճը իհարկե այլևս տարօրինակ չէ, քանի որ որոշ շրջանակներ չեն հանդուրժում իմ համակարգմամբ ընթացող, ՆԳ բոլոր ոլորտներին վերաբերող բարեփոխումները, որոնք միտված են մարդու իրավունքների պաշտպանության ավելի բարձր երաշխիքների նախատեսմանը, պետական համակարգի ինստիտուցիոնալ կայացմանը, և ցանկանում են ամեն կերպ թիրախավորել, քող գցել կատարված աշխատանքի վրա։ Սակայն նմանատիպ լուրերը ծայրագույն դրևորումն են նրա, որ անձինք նույնիսկ նվազագույն պատկերացումներ չունեն ներքին գործերի և ոստիկանության համակարգերի գործառույթների բաշխման և գործունեության մասին։