ԵՄ-ում հաստատել են ռուսական սառեցված ակտիվների եկամուտներն Ուկրաինային ուղղելու ծրագիրը
ՔաղաքականԵվրամիության անդամ երկրները հավանություն են տվել ծրագրին, որը նախատեսում է ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործել Ուկրաինային զենք մատակարարելու և երկրի վերակառուցման համար։
Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին հայտնել է, որ այս քայլը թույլ կտա 2024 թվականին Ուկրաինային տրամադրել 3 միլիարդ եվրո։
«ԵՄ-ում մենք այսօր որոշել ենք Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի սառեցված ակտիվներից ստացված եկամուտները փոխանցել Ուկրաինայի կարիքների համար։ Միայն այս տարի դա կարող է լինել մինչև 74 միլիարդ կրոնա (3 մլրդ եվրո)։ Եկամուտների 90 %-ը կուղղվի ռազմական աջակցությանը։ Ռուսաստանը պետք է վճարի իր սանձազերծած պատերազմի հասցրած վնասների համար», - գրել է Լիպավսկին X սոցիալական հարթակում:
2022 թ․ փետրվարին Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Մեծ յոթնյակի երկրների կողմից սառեցվել են շուրջ 257 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվներ։ Դրանց երկու երրորդից ավելին պահվում են ԵՄ-ում։
Ֆոնդերի մեծ մասը պահվում է Բելգիայում տեղակայված Euroclear դեպոզիտարիայում, որտեղ 2023 թվականից ի վեր այդ ակտիվներից ստացվել է մոտ 3,9 միլիարդ եվրոյի եկամուտ։