Միրզոյանը և Կուպմանը քննարկել են տարածաշրջանային ծրագրերը (տեսանյութ)
ՀասարակությունԱպրիլի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի հետ:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել ինչպես ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացման ընթացքին, այնպես դրանից անդին՝ նոր ուղղություններով, փոխգործակցության հարցերի: Մտքեր են փոխանակվել համաձայնեցման փուլում գտնվող հարցերի և առկա հեռանկարների շուրջ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած բարձր մակարդակի եռակողմ հանդիպմանը և Հայաստանի դիմակայունության ամրապնդման ու տնտեսական դիվերսիֆիկացիայի ուղղությամբ գործընկերների հետ շարունակական համագործակցության հարցերի։
Արարատ Միրզոյանը և Խերտ Յան Կուպմանն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային ծրագրերի: Հարավային Կովկասում տնտեսական զարգացման ապահովման համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը՝ ընդգծելով ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչմամբ այդ հարցում ընձեռնվող հնարավորությունները։
ՀՀ ԱԳ նախարարը և Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային հարցեր։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները։