Խաչատուրյանը Ֆրանսահայերի խորհրդի նախագահին է ներկայացրել ՀՀ սահմանազատման գործընթացը
ՔաղաքականՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսահայերի խորհրդի նախագահ Դանիել Քյուրքչյանին և FASTEX-ի բիզնես զարգացման տնօրեն Արմանդ Փինարբասին:
Հանրապետության նախագահը ողջունելով հյուրերին կարևորել է Սփյուռքի հայկական կազմակերպությունների գործունեությունն ու Հայաստանի և Սփյուռքի միջև քաղաքական, տնտեսական մշակութային և կրթական ոլորտներում սերտ կապերն ամրապնդող և խթանող նախաձեռնությունները, ինչպես նաև միասնական օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը:
Դանիել Քյուրքչյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար և մանրամասներ ներկայացրել ֆրանսահայ համայնքի ներքին կյանքի անցուդարձերի ու զարգացումների ինչպես նաև առկա խնդիրների և դրանց հաղթահարման հնարավորությունների շուրջ:
Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը մանրամասներ է հայտնել տարածաշրջանային ընդհանուր իրադրության և Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերաբերյալ:
Զրույցի ընթացքում երկուստեք շեշտվել է Ֆրանսահայերի խորհրդի և այլ ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեության կարևորությունը, որը միտված է Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև համահունչ է երկու պետությունների միջև համագործակցության հիմնարար սկզբունքներին: