Որդին դանակահարել էր հորը, նա հիվանդանոցում մահացել է
ՔաղաքականԱպրիլի 19-ի ժամը 21.45-ին ՆԳՆ ոստիկանության Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է ընդունվել Գեղակերտ գյուղի Թումանյան փողոցի բնակիչ 62-ամյա Ներսես Ա.-ն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ժամը 21-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել 62-ամյա տղամարդու և նրա 38-ամյա որդու միջև, որի ընթացքում էլ որդին խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել հորը:
Ժամը 23.45-ին Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից երկրորդ հաղորդումն է ստացվել. Ներսես Ա.-ն, գիտակցության չգալով, մահացել էր:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 20-ին, կեսգիշերն անց, 38-ամյա որդին Հովտամեջ գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։
Հանգամանքները պարզվում են: