Սամվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել, նա առերեսվել է ՔՊ-ական պատգամավորի հետ. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
ՀասարակությունՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը քիչ առաջ առերեսվել է իրեն հանրային տրանսպորտում «հակահայ վիժվածքով» դիմած քաղաքացի Սամվել Վարդանյանի հետ, որին ձերբակալեցին այսօր իշխանական պատգամավորի հետ ծագած հայտնի միջադեպից հետո։ Այս մասին հայտնեց ձերբակալված քաղաքացու պաշտպան Ռուբեն Մելիքյանը` նշելով, որ պատգամավորի բողոքի հիման վրա գործ է հարուցվել եւ արդեն առաջադրվել է մեղադրանք ՔՐ օրենսգրքի 297 հոդվածի 1-ին մասով (խուլիգանության հատկանիշներով), իսկ իշխանական պատգամավորը տուժող է ճանաչվել։
Քննչական գործողությունն ավարտվել է, Սամվելը շարունակում է մնալ ձերբակալված, իսկ հետագա քայլերի ու անելիքների մասին Ռուբեն Մելիքյանը խոստացավ առաջիկայում հայտնել «լայվի» միջոցով։
Վստահորդի կատարած գործողությունը չի մտնում վերջինիս առաջադրված մեղադրանքի` այն է խուլիգանության հատկանիշներով հոդվածի տիրույթում, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք՝ Սամվել Վարդանյանին իրավապահները բերման են ենթարկել ապրիլի 15-ին՝ ժամը 16:45 ին, իսկ հնարավոր կալանքի կամ ազատ արձակման մասին հայտնի կդառնա ձերբակալման 72 ժամը լրանալուց հետո` հինգշաբթի նույն ժամին։