Հայաստանում կա դրվագային կոռուպցիա․ արդարադատության նախարար
ՔաղաքականՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կարծում է, որ Հայաստանում կա դրվագային կոռուպցիա, բայց չկա համակարգային կոռուպցիա։
«Համակարգային կոռուպցիան բրգաձև երևույթ է, երբ բուրգի ստորին հատվածում գտնվող աշխատակիցները՝ լինի դա որևէ կառույց, թե այլ համակարգ, վերցնում են կաշառք կամ իրականացվում են այլ կոռուպցիոն գործողություններ։ Այդ կաշառքը աստիճանաբար կարող է հասնել բուրգի գագաթը, որտեղ կարող են հայտնվել նաև բարձր պաշտոնյաներ, այդ թվում՝ նախարարները»,- ասել է նախարարը։
Անդրադառնալով պաշտոնյաների հետ կապված կոռուպցիոն պատմություններին՝ նախարարը նշել է. «Բարեբախտաբար, մենք ունենք այնպիսի պետություն, որտեղ որևէ նախարար, փոխնախարար կամ բարձրաստիճան պաշտոնյա երաշխավորված չի, որ իր նկատմամբ քրեական հետապնդում չի սկսվի։ Եվ, հակառակը, նրանք կարող են երաշխավորված լինել, որ քրեական հետապնդում կլինի»,- հավելել է նա։
Նախարարը նաև ընդգծեց, որ կոռուպցիան, որպես երևույթ, եղել է միշտ, այն նավարկում է հասարակությունների զարգացման հետ համընթաց, իսկ երկրներում դրա ծավալներն ու դրսևորումները տարբեր են՝ կախված դրանց զարգացածության աստիճանից: