ԵՄ-ն նախատեսում է հրաժարվել ռուսական գազից
Եվրամիությունը նախատեսում է աստիճանաբար դադարեցնել ռուսական հեղուկացված բնական գազը (LNG) և արգելք դնել Ռուսաստանից ալյումինի ներմուծման վրա։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Գործակալության աղբյուրների համաձայն՝ ռուսական ալյումինի մատակարարումների սահմանափակումների ժամկետներն ու մասշտաբները դեռ որոշված չեն։ Դեռ հայտնի չէ նաեւ, թե ինչ ձեւաչափով է նախատեսվում հրաժարվել Ռուսաստանից գազի մատակարարումներից։
Աղբյուրներն ընդգծել են, որ Եվրամիության կողմից հակառուսական պատժամիջոցների 16-րդ փաթեթի վերաբերյալ առաջարկների նախագիծը դեռ քննարկվում է և կարող է փոփոխվել մինչև դրանց պաշտոնական հրապարակումը։
ԵՄ-ն դիտարկում է նաև ռուսական դատարանների դեմ պատժամիջոցներ սահմանելու և ռուսական նոր բանկերի SWIFT անդրսահմանային վճարային համակարգից անջատելու հնարավորությունը։