Երևան–Սևան–Դիլիջան-Իջևան ավտոճանապարհը վերանորոգված է
Տնտեսություն
Ավարտվեց Մ-4 Երևան–Սևան–Դիլիջան-Իջևան միջպետական ավտոճանապարհի Դիլիջանի թունելի հյուսիսային մուտքից դեպի Դիլիջան քաղաքի ավտոկայան տանող 13 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերանորոգումը, որը սկսվել էր 2012թ. օգոստոսին։ Ճանապարհը սկսվում է Դիլիջանի թունելից եւ ձգվում մինչեւ քաղաքի կենտրոն: Ինտեսիվ երթեւեկության, բարդ լեռնային ռելիեֆի պայմաններում ճանապարհային հագուստը մաշվել էր՝ առաջացնելով անթույլատրելի չափերի նստվածքներ, փոսեր, եւ անհրաժեշտություն էր առաջացել հիմնանորոգում կատարելու:
2012թ.-ին Դիլիջանի բնակչության հետ հանդիպման ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել էր լուծել խնդիրը: Նախագահը ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարությանը հանձնարարել էր ուսումնասիրել հարցը եւ ներկայացնել առաջարկություններ:
Նախարար Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությամբ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից կնքված պայմանագրի համաձայն՝ սկսվեց ճանապարհահատվածի հիմնանորոգումը:
Մ-4 միջպետական ավտոճանապարհն առանձնակի նշանակություն ունի. այն ապահովում է դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ բեռների և ուղևորափոխադրումների մեծածավալ քանակ, ինչպես նաև՝ դեպի Դիլիջանի առողջարաններ տրանսպորտային կապը:
Իրականացված աշխատանքների արդյունքում նախագծով նախատեսված 7–20.5 մ լայնությամբ ճանապարհահատվածը ասֆալտապատվել է, վերականգնվել է ջրահեռացման համակարգը, կառուցվել են հենապատեր, տեղադրվել են անվտանգության տարրեր՝ արգելափակոցներ, բետոնե պարապետներ, ճանապարհային նշաններ:
Կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհահատվածի վերանորոգման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է շուրջ 1.179 մլրդ դրամ։
Պատվիրատուն՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ն է, կապալառուն՝ «Խաչհար» ՍՊԸ- ից և «Իջևանի ՃՇՇ» ՓԲԸ-ից կազմված կոնսորցիումը։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին