Նախատեսվում է սահմանել «ծնողական ժամ» եզրույթը
Հասարակություն
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին և այն համարել անհետաձգելի։ Նախագծի նպատակն է ապահովել աշխատողների աշխատանքի և ընտանեկան պարտականությունների արդյունավետ համատեղումը։
Նախագիծը նախատեսում է սահմանել «ծնողական ժամ» եզրույթը։ Փոփոխությունները միտված են բարձրացնելու աշխատողների սոցիալական պաշտպանությունը և աշխատանքի արդյունավետությունը։ Մինչև տասներկու տարեկան, ինչպես նաև հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակում ունեցող մինչև տասնութ տարեկան երեխաները պահանջում են ծնողի առավել ակտիվ և շարունակական խնամք, ուշադրություն և ներգրավվածություն։ Աշխատանքային պարտականությունների և ծնողական պատասխանատվության համադրումը հաճախ առաջացնում է օբյեկտիվ դժվարություններ, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ ինչպես երեխայի զարգացման, այնպես էլ աշխատողի արդյունավետության վրա։
Ծնողական ժամի տրամադրումը հնարավորություն է տալիս աշխատող ծնողներին առավել ճկուն կերպով կազմակերպել իրենց աշխատանքային և ընտանեկան պարտականությունները՝ ապահովելով երեխայի խնամքի, կրթության և առողջության նկատմամբ անհրաժեշտ վերահսկողություն։
Միաժամանակ, այն նպաստում է աշխատավայրում սթրեսի նվազեցմանը, աշխատողների սոցիալական պաշտպանվածության բարձրացմանը և աշխատանքային արդյունավետության պահպանմանը։
Տարբերակված մոտեցումը (կախված երեխաների թվից և երեխայի հաշմանդամություն ունենալու հանգամանքից) բխում է սոցիալական արդարության սկզբունքից, քանի որ բազմազավակ ընտանիքները և հաշմանդամություն ունեցող երեխաներ ունեցող ծնողները բախվում են առավել մեծ խնամքի բեռի։ Հետևաբար, նրանց համար նախատեսված առավել երկար ծնողական ժամը համաչափ և հիմնավորված աջակցություն է։
Ծնողական ժամի ներառումը աշխատաժամանակում և դրա ընթացքում աշխատավարձի պահպանությունը երաշխավորում է, որ աշխատողը չի կրի ֆինանսական կորուստ՝ իր ծնողական պարտականությունները կատարելու պատճառով, ինչը համապատասխանում է սոցիալական պետության սկզբունքներին և աշխատանքի իրավունքի հիմնարար երաշխիքներին։ Ըստ հիմնավորման՝ առաջարկվող դրույթները նպաստում են ընտանիքի ինստիտուտի ամրապնդմանը, երեխաների բարեկեցության բարձրացմանը և աշխատողների իրավունքների արդյունավետ պաշտպանությանը։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը