Հայ շախմատիստներն աշխարհի պատանեկան առաջնության առաջատարների շարքում են
Սպորտ
Մինչև 18 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Իտալիայում ընթացող շախմատի աշխարհի առաջնությունում վաստակել է 4.5 միավոր և գտնվում է 2-րդ հորիզոնականում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
5 խաղափուլից հետո մինչև 14 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը նույնպես ունի 4.5 միավոր և գտնվում է 2-րդ հորիզոնականում:
Առաջատարների շարքում են նաև մինչև 18 տարեկան աղջիկների խմբում հանդես եկող Անահիտ Մկրտչյանը և մինչև 16 տարեկան աղջիկների խմբում մրցող կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Սոնա Կրկյաշարյանը, որոնք ունեն 3.5 միավոր:
Հայաստանը մրցաշարում ներկայացնում են 13 շախմատիստներ՝ Եվրոպայի մինչև 18 տարեկանների գործող չեմպիոն Վահե Սուքիասյանը, ինչպես նաև Բենիկ Աղասարովը, Վաչե Հովակիմյանը, Ռուդոլֆ Փաշիկյանը, Տիգրան Սողոմոնյանը, Տիգրան Համբարձումյանը, Արտյոմ Մամիկոնյանը, Արման Ասլանյանը, Անահիտ Մկրտչյանը, Նվարդ Հայրապետյանը, Սոնա Կրկյաշարյանը, Անգելինա Միրաքյանը և Գաբրիելլա Հարությունյանը:
Աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը մեկնարկել է հունիսի 15-ին Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում և կավարտվի հունիսի 26-ին:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել