Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը 28 տարեկանում մնացել է առանց ակումբի
Սպորտ
Բրունեյի սուլթանի եղբորորդի Ֆաիք Բոլկիահը, որի կարողությունը գնահատվել է շուրջ 20 միլիարդ դոլար, ժամանակին համարվում էր աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը։ Նա մանկուց զբաղվել է ֆուտբոլով, մարզվել «Սաութհեմփթոնի», «Արսենալի» և «Չելսիի» ակադեմիաներում, իսկ 18 տարեկանում պայմանագիր կնքել «Լեսթերի» հետ։ Սակայն երեք մրցաշրջանի ընթացքում Բոլկիահին չի հաջողվել նորամուտը նշել անգլիական ակումբի հիմնական կազմում։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Անգլիայից հեռանալուց հետո Բոլկիահը կարիերան շարունակել է Պորտուգալիայի «Մարիտիմուում», իսկ ավելի ուշ տեղափոխվել Թաիլանդ։ «Չոնբուրիի» կազմում նա երկու մրցաշրջանում անցկացրել է 32 հանդիպում՝ խփելով երկու գոլ և կատարելով չորս գոլային փոխանցում։ Այնուհետև ֆուտբոլիստը միացել է «Ռատչաբուրիին», որի կազմում 23 խաղում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Այժմ 28-ամյա Բոլկիահը որևէ ակումբի հետ պայմանագիր չունի։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 100 հազար եվրո։ Վերջին մրցաշրջաններից առաջ ֆուտբոլիստը նաև ծանր վնասվածք է ստացել և երկար ժամանակ վերականգնվել, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում սոցիալական ցանցերում ֆուտբոլին վերաբերող հրապարակումներ գրեթե չի արել։ Առայժմ հայտնի չէ՝ Բոլկիահը կշարունակի՞ պրոֆեսիոնալ կարիերան, թե՞ կհեռանա մեծ ֆուտբոլից։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը