«Ամենից շատ վախենում եմ նրանցից, ովքեր ոչ մի բանից չեն վախենում` բացի աթոռ կորցնելուց». Վազգեն Սարգսյանի կյանքն ու գործը
Հասարակություն
Lurer.com-ը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ սկսում է շարք՝ ներկայացնելու համար մեր նորագույն պատմության իրական հերոսներին: Հերոսներ, որոնք իրենց կյանքը դրեցին Հայկական պետականության հիմնադրման և պաշտպանության գործին:
Շարքում ներառվելու է նաև բոլոր այն ազատամարտիկների կյանքի և գործունեության մասին պատմող հերոսապատումը, որոնք այսօր էլ նվիրումով շարունակում են Հայաստանի և Արցախի անկախության ամրապնդմանն ու հայության հզորացմանը միտված իրենց գործունեությունը:
Ոչ ոք չի՛ մոռացվում, ոչինչ չի՛ մոռացվում...
Վազգեն Սարգսյանը ծնվել 1959թ. մարտի 5-ին Արարատ գյուղում:
1976-80թթ. սովորել է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում:
1979-1983թթ. դասավանդել է Արարատ գյուղի միջնակարգ դպրոցում:
1983-86թթ. աշխատել է «Գարուն» ամսագրի խմբագրությունում հրապարակախոսության բաժնի վարիչ:
1990-ից «Երկրապահ» կամավորական ջոկատների հրամանատարն էր:
1991թ. դեկտեմբերի 5-ից մինչև 1992թ. հոկտեմբերի 20-ը վարել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, 1992-ի հոկտեմբերից 1993-ի մարտը եղել է նախագահի պաշտպանության հարցերի գծով խորհրդական և սահմանամերձ գոտիներում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչը, իսկ 1993թ. մարտից 1995թ. մարտն ընկած ժամանակահատվածում` ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի գծով պետնախարար:
1993թ. հուլիսից մինչև 1999թ. հոկտեմբերի 27-ը եղել է «Երկրապահ կամավորականների միության», ՀԿ նախագահ: 1995-ի հուլիսից մինչև 1999 թվականը եղել է ՀՀ պաշտպանության նախարար:
01.06.99թ.-27.10.99թ եղել է ՀՀ վարչապետ:
Վազգեն Սարգսյանը բնավորությամբ ուժեղ, չընկճվող, ուղիղ և միշտ առաջ նայող մարդ էր, նա երբեք հաշվի չէր նստում մանրաճղճիմ հարցերի հետ, այլ միշտ խորհում և առնչվում էր ավելի մեծ` հանրային, ազգային, հասարակական հարցերի հետ:
Նրա երակներում արդարության, խաղաղության, միաբանության, նվաճման արյունն էր հոսում: Վազգեն Սարգսյանը հասարակության մեջ ճանաչվեց նաև որպես գրող-լրագրող, իսկ 1985թ. դարձավ Հայաստանի գրողների միության անդամ:
1987-ին իր լույս ընծայած «Հայի փորձություն» գրքի համար արժանացավ Հայաստանի Կոմերիտմիության մրցանակին:
Հայրենասիրությունն ամեն բանից վեր էր Վազգենի համար, նա անտարբեր չէր կարող անցնել իր ազգի ճակատագրի կողքով, և դա համարելով իր կյանքի նպատակը`խառնվեց այդ ճակատագրին:
Անկախության շեմը նոր ոտք դրած ու դեռ խառնված պետությունը կազմավորելու և պաշտպանելու համար 2 տարբերակ կար` մեկը` քաղաքական ճանապարհով լուծումը, մյուսը` ռազմական: Առողջ միտքն ու բանականությունը նրան տարան երկրորդ ճանապարհով, և նա, առանց ժամանակ կորցնելու, ձեռնամուխ եղավ անկազմակերպ, խառնված հայրենասեր խմբերին միավորելու, կանոնավորելու, որովհետև շատ լավ էր հասկանում, որ այդպիսի թշնամու առաջ քաղաքական բանակցություններով չէս կարող կանգնել:
Միայն հայդուկների գերմարդկային սխրանքների և զենքի միջոցով պետք է ճնշվեր թշնամին, ու հաստատվեին հայոց սահմանները: Ահա այս մեծ գիտակցումն էր, որ նա ողջ մի քաղաքական կուսակցության չտրվեց և թույլ չտվեց, որ այն մտնի բանակ.
«Անկախ ամեն քաղաքական հոսանքներից, քաղաքական խաղերից` դուք հայկական բանակի զինվորներ եք, դուք պարտավոր եք պաշտպանել հայ ժողովրդին, նրա սահմաններն ու հայ ժողովրդի անձեռնմխելիությունը: Քաղաքական հոսանքները կգան ու կգնան, գործ չունեք ոչ մի քաղաքական հոսանքի հետ, դա կտանի մեզ կործանման:
Եթե զինվորները խառնվեցին քաղաքականությանը, երկիրը կկործանվի: Խնդրել եմ, խնդրում եմ ու կպահանջեմ` հեռո´ւ մնացեք որևէ քաղաքական կուսակցության անդամ դառնալուց, իսկ ովքեր բանակի մեջ կփորձեն կուսակցություն մտցնել, գաղափարախոսություն տանել, նրանք կճանաչվեն որպես դավաճաններ և կպատժվեն համաձայն քրեական օրենքի: Իմ կամավորական հրաշալի ընկերներին կխնդրեմ, որ իրական թշնամուն թողած ձեր մեջ, ձեր կողքին, ձեր ազգակիցների մեջ թշնամի մի´ փնտրեք»:
Քաղաքականությունը Վազգեն Սարգսյանի տարերքը չեր, նա չէր կարող հանձնվել կուսակցության կամայականություններին, շլանալ փառքի աթոռներով: Նրա պայքարը երկրի անվտանգությունն էր, անցյալի պատմությունը չկրկնվելու և պետականության վաղվա օրը չվտանգելու համար էր:

Հայրենիքի հանդեպ ունեցած սերն ու բարձր գիտակցումն էր նրան մղում դեպի մարտի ամենաթեժ կետերը, որտեղ կարող էր հուսալքում և վախ առաջանալ: Բայց այդ հատկանիշները նրա համար չէին: Վազգենն իր շուրջը հավաքեց իր նման մտածող 500 հոգու, որոնք կազմեցին մահապարտների ջոկատ ու կռվեցին այն բոլոր տեղերում, որտեղ մահն ու կյանքը դեմ առ դեմ էին միշտ դուրս գալիս: Չէին վախենում նրանք մահվան աչքերից, նրանց գլխի մեջ միայն հաղթանակն էր պտտվում, կրծքի տակ դյուցազնական սիրտն էր բաբախում, իսկ աչքերի մեջ ազատ, անկախ, միավորված հայության հույսն էր բոցկլտում:
Հայրենասիրության, զենքի զորության և անկոտրում կամքի արգասիք եղավ 1992-ի մայիսի 8-ի առավոտյան հատուկ մշակված 4 ուղղություններով սկսված գրոհը և Շուշիի ազատագրումը: Այս պատմական մեծ մարտարվեստին մասնակից եղան Վազգեն Սարգսյանը, Աշոտ Ղուլյանը, որն առաջինը իր ջոկատով մտավ Շուշի, և շատ ու շատ երդվյալ հայորդիներ, որոնց անունները մինչև վերջ էլ կենդանի կմնան հայ ժողեվրդի հիշողության մեջ: Փառք ու պատիվ ձեզ, հայո´ց արծիվներ:

Նույն ամսի 9-ին և 10-ին սկսվեց Լաչինի ուղղությամբ գրոհը. թշնամին խուճապի էր մատնվել, փախչում էր` զենք-զինամթերքը թողած: Գրավվեց միակ հողային ճանապարհը, որը Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն իրար կապողն էր: Թշնամին խայտառակ պարտություն կրեց Քելբաջարի տարածքում:
Իրադրությունը փոխվեց, պարտությունն իր մեջքը դարձրեց հայերին:
Ոչ մեկը դրսից չուսանեց հայերին այս մարտարվեստը, այլ միայն հայրենիքի հանդեպ ունեցած մեծ պատասխանատվությունը, գոյատևելու և սերունդներին ու աշխարհին ցույց տալու հայ շինականի ոչ միայն արարչությունը, այլև` հպարտ, հանդուգն ու զորեղ հոգին:
Այնուամենայնիվ, Վազգեն Սարգսյանը չէր դադարում կանոնավոր բանակի կազմավորման մտքից: Նա գիտեր, որ միայն ուժեղ բանակն է երկրի ուժը, ներկայացուցիչը աշխարհում, երկրի մասին տպավորությունն ու կարծիքը բանակով է ստեղծվում: Որքան էլ դա անհավանական էր թվում քարուքանդ եղած երկրի պայմաններում, այնուամենայնիվ, այն ստեղծվեց, և 1994-ից հայոց բանակը սկսեց վերընթաց ապրել:

Վազգեն Սարգսյանն իր մարտընկերների հետ միասին առաջին պլանում դրեցին բանակի մարտունակությունը, զենքին կատարյալ տիրապետումը, ժամանակակից ռազմավարական գիտելիքները: Այս նկատառումով նա հանդես եկավ ԱՊՀ շրջանակներում` համատեղ զորակցություն ստեղծելու համար: Սրա հետևանքով եղավ հայ-ռուսական համատեղ զորավարժություններ, դաշնակիցական պայմանագրերի կնքում, բարձր մակարդակի փոխայցելություններ, որոնք շարունակվում և կատարելագործվում են մինչև օրս:
Վազգեն Սարգսյանը վարպետորեն և մեծ իմաստությամբ կարողացավ իրար մոտեցնել կանոնավոր բանակի սպայական կազմն ու երկրապահներին, և նրանց մեջ դրեց այն միտքը, որ կա միայն մեկ ազգ, մեկ նպատակ, մեկ պայքար: Շատ մեծ էր նրա հայրենի սահմանները թշնամու ոտնձգություններից պաշտպանելու և կռվի պահերին հայ քաջազունների չհուսահատվելու և հաղթական կռվելու գործում: Դուրս եկավ բոլոր դժվարություններից, բոլորի հետ միասին տոնեց հայոց մեծ հաղթանակն ու անցավ իշխանության գլուխ: Քաղաքականությունը նրա գործը չէր: Նրա պայքարը զոհված եղբայրների երազած հայրենիքը կառուցելը, ազգին միաբանելը, նվիրման, համբերության ու քրտնաջան աշխատանքի կոչելն էր: Բայց ավաղ…
Ի՞նչ գիտեր, որ իր իսկ գրած «Հացի փորձություն» գրքի հերոսի ճակատագիրն է ունենալու, որ Հրայրի նման ինքն էլ զինվոր է դառնալու և քաղաք ու գյուղ, լեռ ու կիրճ չէր մնալու, որտեղ թշնամու դեմ կռված չլիներ, որ մի հարյուր անգամ մահը ժխտած, աչքով արած ու անցած չլիներ: Ժպտացել, վախեցել ու անցել էր, որ կռվից հեռու, խաղաղ լույս-օրով անսպասելի վրա տա, որ քաջ իգիթը շրջվելու ու զարմանալու ժամանակ էլ չունենա: Նա ընկավ, հերոսի նման զոհվեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում: Նույն թվի դեկտեմբերին Մեծ սպարապետը հետմահու արժանացավ Հայաստանի «Ազգային հերոս» կոչմանը և «Հայրենիք» շքանշանի:
Ի՞նչ էր մտածում Մեծն սպարապետը
«Բանակը եղել է և պետք է լինի պետության, հասարակության, ողջ հայության հույսը: Բանակաշինությունը ծանր, հավատացնում եմ հաճելի հույս է: Բանակն ազգի ինքնաճանաչման հայելին է, բոլոր հայերի ծնունդն է, հայության հավաքական կերպարը, նրա պատասխանատվությունը, նրա պատմության վերագնահատումը և հայացքը ապագային: Սիրուն խոսքեր չեմ ասում, ընդամենը ճշմարտությունն եմ ասում: Մեր բանակը ինքնակրթությամբ ստեղծված բանակ է: Մենք չէինք կարող սպասել, որ հեռուներից գեներալները գային և մեզ կռվել սովորեցնեին: Մենք մեր հովվի, արհեստավորի, բանաստեղծի միջից հանեցինք պաշտպանության նախարարին, գեներալին, զինվորին ու կռվեցինք, փառք Աստծո, վատ չկռվեցինք»:
***
«Ես ուզում եմ ասել, որ պատերազմի ընթացքում կորցրել եմ իմ ընկերներին: Ես այս պատերազմին տվել եմ ինչ կարող էի` ձեռք եմ բերել հպարտություն, հանեք այդ գաղափարը, տակը բան չկա: Ես կռվել եմ, կռվում եմ, կռվելու եմ գաղափարի համար, նպատակի համար, և իմ նպատակի ճանապարհին ինձ ոչ ոք լռեցնել չի կարող, հանգի´ստ եղեք»:
***
«Հավատացե´ք, 50, 500 ևս 5000 տարի, հավերժ Շուշին հայկական է լինելու: Դրա ամենափայլուն օրինակը մայիսի 9-ին Ստեփանակերտում կայանալիք ռազմական շքերթն է լինելու: Ով աչք ունի, թող տեսնի, ով սիրտ ունի, թող ցնծա ուրախությունից: Մենք հաղթել ենք, մենք վերջնականապես հաղթելու ենք 20-րդ դարում»:
«Վախենում եմ «Ղարաբաղ» կոմիտեի տղերքի ճակատագրի համար: Մեղրու իննհարկանի շենքերին նայում եմ ու վախենում անպատիժ անպատասխանատվությունից: Նոր երկրաշարժից եմ վախենում, հինի հետևանքներից: Վախենում եմ մեր` խելքի չգալուց: Ամենից շատ վախենում եմ նրանցից, ովքեր ոչ մի բանից չեն վախենում` բացի աթոռ կորցնելուց (եթե ունեն): Մեզանից եմ վախենում, որ միլիոնանոց միտինգներից, Սումգայիթից ու երկրաշարժից հետո` էլի մեկ-մեկու անվերապահորեն սիրել, ներել, հանդուրժել չսովորեցինք»:
***
«Ժողովուրդ, պատերազմը չի ավարտվել, Աստված գիտի` ինչ է անելու: Մենք մի քիչ թուլացանք` պարտվելու ենք: Զգոն եղե´ք, չպարտվենք: Մտածեք էս երկրի մասին: Մտածե´ք էս բանակի մասին, սա է էս երկրի փրկությունը»:
Փա´ռք քեզ, հայոց քաջարի Սպարապետ..


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող