Իրանն Ադրբեջանին վախեցնում է «Իսլամական խալիֆաթով»
Աշխարհ
Այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհի ուշադրությունն ուղղված է Իրաքի վրա, որտեղ «Իսլամական խալիֆայություն» հռչակած «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորումն իր իշխանությունն է հաստատում, Իրանի պետական IRNA լրատվական գործակալությունը հրապարակել է Ադրբեջանի համար «վահաբիական սպառնալիքի» մասին հոդված:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «ԻԼԻՊ-ը կողմնակիցներ է հավաքում Բաքվում» վերնագրված հոդվածում խոսվում է այն մասին, որ այդ ահաբեկչական կազմակերպությունն Ադրբեջանում նոր անդամներ է հավաքում և ամրապնդում իր դիրքերը' քողարկվելով տարբեր բարեգործական հիմնադրամների անվան տակ:
Նշվում է, որ այդ ահաբեկչական կազմկերպությունը հարյուրավոր անդամներ ունի Ադրբեջանում, որոնց մեծ մասը հանդես են եկել Սիրիայում ընթացող մարտերում, իսկ այժմ կռվում են Իրաքում, և Ադրբեջանում վահաբիների (սունի արմատականներ) ակտիվացումն արդեն տագնապահույզ է արել այդ մահմեդական երկրի իշխանությանը:
Իրանական լրատվական գործակալությունը գտնում է, որ Ադրբեջանի կառավարությունը շիաական իսլամական կուսակցությունների գործունեության համար խոչընդոտներ է հարուցել և դրա հետ միասին աչք է փակել սալաֆիական (սունի) միությունների ստեղծման վրա:
«Եթե Ադրբեջանի կառավարությունը ավանդական իսլամական կուսակցությունների գործունեության համար պայմաններ չստեղծի, ապա կմեծացնի իսլամի արմատական հոսանքների տարածման ռիսկը: Այն փաստը, որ ԻԼԻՊ-ը իր շարքերը գնալով լրացնում է ավելի շատ ադրբեջանցիներով, խոսում է այդ երկրում նրա աճող ազդեցության մասին», ասվում է IRNA-ի հրապարակած հոդվածում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում